Նադեժդա Սարգսյանը միայն ֆիզիկապես է բացակայում. Վրեժ Կիրակոսյան
Life.panorama.am-ը գրում է.
Այսօր Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, սիրված երգչուհի Նադեժդա Սարգսյանը կդառնար 64 տարեկան: Ժպտառատ ու պայքարող, երբեք ոչնչի, անգամ դարի հիվանդության դեմ կանգ չառնող Նադյային այսօր բոլոր հիշում են խորը ափսոսանքով, բայց միայն լայն ժպիտով:
Life.panorama.am-ի հետ զրույցում Նադեժդա Սարգսյանի մասին իր հիշողություններով կիսվել է այժմ Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը, ով եղել է «Դո Ռե Մի»-ի սան եւ շուրջ 12 տարի աշխատել է Նադեժդա Սարգսյանի հետ՝ որպես տնօրեն «Դո Ռե Մի»-ում եւ իր տեղակալ Երեւանի մշակույթի պետական քոլեջում:
«Նադեժդա Սարգսյանի հետ կապված շատ հիշողություններ ունեմ: Նա ինձ համար լուսավոր անձնավորություն էր, իր տեսակով նա անվերջանալի մարդ է, այդ պատճառով միշտ ասում եմ՝ Նադեժդա Սարգսյանն ինձ համար ավարտված չէ, նա միայն ֆիզիկապես է բացակայում, երբ ես էլ այլեւս չեմ լինի, նոր Նադեժդան ինձ համար կավարտվի: Ինձ համար մեծ ցավ էր նրա մահը, քանի որ նա դեռ պետք է ապրեր ու արարեր, նա կյանքի խորհրդանիշ էր, քանի որ կյանքի վերջին յոթ տարիներին նա պայքարով ապրեց՝ ունենալով շատ բարդ հիվանդություն: Ոչ մի անգամ նա չկորցրեց հումորի զգացումն ու իր տեսակը, երբեք կանգ չառավ, երբեք չվախեցավ...»,- պատմեց Վրեժն ու շարունակեց.
«Նադեժդա Սարգսյանի հետ մենք ունեցել ենք եւ դժվար ու տխուր, եւ ուրախ, եւ պայքարի օրեր, միասին մենք հաղթանակներ ենք տոնել, երբեմն պարտվել նաեւ, որի հետ նա երբեք չէր հաշտվում, եւ այդ պատճառով՝ պարտությունները շատ աննշան էին լինում ու սովորաբար՝ արագ վերականգնելի»:
Խոսելով որպես ղեկավար Նադեժդա Սարգսյանի մասին՝ Վրեժ Կիրակոսյանը նշեց.
«Նա շատ լավ ուսուցիչ էր եւ կյանքի, եւ մասնագիտական առումով: Իմ մասնագիտության բոլոր ձեռքբերումների մեջ իր վաստակը կա: Որպես ղեկավար՝ նա առաջին հերթին լավ ընկեր էր, նա մայրաբար էր մոտենում յուրաքանչյուրին: Ես ընդամենը 23 տարեկան էի, երբ նա ինձ վստահեց իր տեղակալի աշխատանքը, եւ հենց սկզբից նա մոր նման է վերաբերվել ինձ, ես էլ իմ հերթին որդիաբար եմ նրան սիրել ու հարգել: Իհարկե, Նադյան ուներ աշխատանքային սկզբունքներ, որոնցից նա երբեք չէր շեղվում, նա պահանջատեր էր, որը այնքան էլ հեշտ չէր, բայց որոնց շնորհիվ մենք միշտ ունենում էինք հրաշալի արդյունքներ: Մենք անգամ վիճել ենք իրար հետ, որոնք միայն աշխատանքին կարող էին վերաբերվել, բայց կարճ ժամանակ անց հաշտվել ենք, որովհետեւ Նադյայի հետ աշխատելը ուղղակի հաջողություն էր: Նա իր տեսակով շատ օպտիմիստ էր, հենց գալիս էր աշխատանքի, մթնոլորտն անմիջապես փոխվում էր: Նա ուներ իր տեսակը՝ նադյայական տեսակը, որը այսօր շատ է պակասում մեզ»:
Ըստ Վ. Կիրակոսյանի՝ Նադեժդա Սարգսյանն իր աշակերտին անշահանխնդիր փոխանցում էր ունեցած գիտելիքներն ու փորձը, որի շնորհիվ նա հրաշալի դպրոց է հիմնել, իսկ Երեւանի մշակույթի պետական քոլեջի վոկալի ամբիոնը դեռեւս իր կենդանության օրոք է իր անվամբ անվանակոչվել:
«Նադժեդա Սարգսյանը տեսակ էր, որն այլեւս չկա: Նրա տեսակի հետ շփվելն արդեն սովորեցնող էր: Նա ոչ միայն լավ մասնագետ էր, այլեւ՝ լավ հայ ու հայրենասեր մարդ, լավ արվեստագետ, որը մերժում էր վատ երաժշտությունն ու վատ արվեստն առհասարակ: Նա ուներ մասնագիտական մեթոդներ, որոնք միայն իրենն էին ու որը կրկին պակասում է այսօր: Նա երբեք թույլ չէր տալիս, որ արվեստի մեջ ներդրած իր սկզբունքներին իր կողքին կանգնած որեւէ մեկը դավաճաներ: Ես շատ եմ ափսոսում, որ նա այլեւս մեր կողքին չէ, թող լուսավորվի նրա հոգին»,- ընդգծեց Վրեժ Կիրակոսյանը:
Երեւանի մշակույթի պետական քոլեջը այսօր շարունակում է գործել Նադեժդա Սարգսյանի սկզբունքներով ու իրագործել նրա նպատակները:
«Մենք շարունակում ենք իր ոճով աշխատել: Ես կարող եմ վստահաբար ասել, որ Երեւանի մշակույթի պետական քոլեջի այն թիմը, որն աշխատել է նրա հետ, շարունակում է իրագործել այն գաղափարները, որոնք ուներ Նադեժդա Սարգսյանը: Փառք Աստծո, մենք կարողանում ենք իրականացնել նրա հեռահար նպատակները, եւ հույս ունենք, որ մեր Նադյան երկնքից կնայի եւ կուրախանա»,- ավարտեց Վրեժ Կիրակոսյանը:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան