ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
«Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը ստեղծվել է 2022-ի հունվարի 24-ին ՀՀ ԿԳՄՍՆ 57-Ա/2 հրամանով, որի համաձայն Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջը անվանակոչվել է Շառլ Ազնավուրի անունով։
«Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 2020 թ. սեպտեմբերին 9-ին՝ ՀՀ կառավարության կողմից, 1929 թվականին հիմնադրված «Երևանի մշակույթի պետական քոլեջ» և 1979 թվականին հիմնադրված «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ների միավորման արդյունքում:
«Երևանի մշակույթի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է՝ 1929 թ. ստեղծված կինոմեխանիկների հանրապետական դպրոցի հիման վրա, որը 1967 թվականին ՀՍՍՀ մինիստրների սովետի №344 որոշման հիման վրա վերակազմակերպվել է Երևանի կինոտեխնիկումի, իսկ 2000 թվականին ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի № 97 հրամանի և «Կրթության մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն Երևանի կինոտեխնիկումը վերանվանվել է «Երևանի մշակույթի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի:
«Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 1979 թվականին Երևանում, գործող «Հայ համերգ» կազմակերպության «Էստրադային ստուդիա»-ի հիման վրա, որը 1992 թվականին վերանվանվել է «Էստրադային և ջազային արվեստի քոլեջ», 1996 թվականին` «Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ», 2004 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ` «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ։
Նորաստեղծ քոլեջում ընդունելությունը գործող մասնագիտությունների գծով իրականացվում է առկա ուսուցման ձևով, ինչպես վճարովի, այնպես էլ անվճար հիմունքներով, մրցույթային կարգով: Անվճար համակարգում սովորող ուսանողները ստանում են պետության կողմից ֆինանսավորվող կրթաթոշակ: ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն քոլեջում սոցիալական և այլ կարգավիճակ ունեցող ուսանողների վարձավճարի մասով յուրաքանչյուր տարի իրականացվում է զեղչում: Մեկ ուսումնական տարվա առաջադիմության արդյունքներով կարող է կատարվել տեղափոխություն` վճարովի համակարգից անվճար համակարգ և հակառակը: Բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտները հնարավորություն ունեն շարունակելու իրենց կրթությունը իրենց մասնագիտությամբ հետևյալ բուհերում.
1. «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ,
2. «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ,
3. «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ,
4. Տերնոպոլի ժող. տնտեսագիտության ակադեմիա,
5. Չուվայի հանրապետության մշակույթի և արվեստի պետական ինստիտուտ,
6. ՌԴ Առլովի մշակույթի պետական ինստիտուտ: