«Սլավյանսկի բազար» մրցույթում Հայաստանն իր մասնակցին կընտրի նոր ձեւաչափով
Իրավունք թերթը գրում է.
Բելառուսի Վիտեբսկ քաղաքում անցկացվող «Սլավյանսկի բազար» միջազգային երգի ամենամյա մրցույթն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-18-ը: Հայաստանն այս տարի իր երկրի մասնակցին՝ մեծերի եւ փոքրերի տարիքային խմբում, կընտրվի ազգային մրցույթի արդյունքում:
««Սլավյանսկի բազարում» նախորդ տարվա ունեցած բարձր ցուցանիշի արդյունքում, որտեղ մեր մասնակիցն առաջին մրցանակի արժանացավ եւ գնահատվեց, որպես բարձր պրոֆեսիոնալ դպրոցի ներկայացուցիչ,
մրցույթի կազմակերպիչներին մեր կողմից առաջարկվեց, որ ինչպես մյուս երկրներում, այնպես էլ Հայաստանում, իրականացվի ազգային նախընտրական փուլ՝ մանկական եւ մեծերի: Մինչ այս մրցույթին մասնակիցները մեկնել են կա՛մ ՀՀ մշակույթի նախարարության երաշխավորությամբ, կա՛մ որեւէ պրոդյուսերական ընկերությունների կողմից հայտի ներկայացմամբ: Մրցույթի կազմկոմիտեն չհրաժարվեց եւ կնքվեց համաձայնություն, որով պաշտոնապես վստահվեց, որպեսզի Հայաստանում մրցույթի ազգային փուլն իրականացնի Երեւանի մշակույթի պետական քոլեջը
»,- «Իրավունքի» հետ զրույցում տեղեկացրեց Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանն ու կարեւորելով մրցույթը շեշտեց. «Սա այն մրցույթն է, որտեղ մասնակցում է աշխարհի ավելի քան 22 երկիր: Երեւանի մշակույթի պետական քոլեջնը և «MGER ARMENIA PRODUCTION»-ը այսօր ձեռնամուխ է եղել, որպեսզի ազգային փուլի արդյունքում ընտրվի տաղանդավոր եւ արժանի երկու մասնակից, որոնք պատվով կներկայացնեն մեր երկիրն այդ հեղինակավոր մրցույթում: Հայտերի ընդունումը սկսվել է հունվարի 25-ից եւ կտեւի մինչ փետրվարի 25-ը, իսկ նախընտրական փուլը կտեւի մինչեւ փետրվարի 28-ը: Այնպես որ մեծերի նախընտրական փուլին կարող են դիմել 18 -31 տարեկան անձինք, իսկ մանկական նախընտրական փուլին՝ 7-12 տարեկան երաժշտական ունակություն ունեցողները՝ մուտք գործել Երեւանի մշակույթի պետական քոլեջի պաշտոնաան կայք եւ գրանցվել այնտեղ առցանց: Փնտրում ենք տաղանդավոր եւ մեծ հնարավորություններ ունեցող երիտասարդի կամ երեխայի, որը կարող է մեր երկիրն արժանապատիվ ներկայացնել այդ հեղինակավոր մրցույթում»:Վ. Կիրակոսյանը վստահեցրեց, որ հայաստանյան նախընտրական փուլում հետաքրքիր ժյուրի է լինելու.«Հայտերն ընդունելուց հետո երեք օր՝ մինչեւ փետրվարի 28-ը տեղի ունեցած լսումների արդյունքում կընտրվի երկու մասնակից՝ մեկը մեծերի, մյուսը՝ փոքրերի մրցույթում: Ի դեպ, արդեն Վիտեբսկում մրցույթի ժյուրիի կազմում Հայաստանը եւս կունենա ներկայացուցիչ»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ