Գրադարան-ընթերցող կապի ձևավորման լավագույն գրավականը վստահությունն է. ԵՄԱՊՔ գրադարանավար
Գրքերի աշխարհը տիեզերք է անեզերք»,
իսկ գրադարանավարի անխոնջ աշխատանքի ու արդյունավետ խորհուրդների շնորհիվ է, որ ներխուժում
ենք գրականության անծայրածիր աշխարհ ու գտնում մեզ անհրաժեշտ գրականությունն ու գրքերը:
2004 թվականից, ՀՀ կառավարության որոշմամբ, հոկտեմբերի 7-ը նշվում է որպես «Գրադարանավարի
օր»: Օրը ևս մեկ առիթ է արժևորելու գրքի խորհուրդը և շնորհակալություն հայտնելու գրադարանավարներին:
Մասնագիտական տոնի առթիվ զրուցեցինք Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի բազմամյա
գրադարանավար Արմինե Մարկոսյանի հետ:
- Ինձ համար գրադարանավարի օրը տարվա բոլոր օրերն են, երբ ևս մեկ սանի սրտում սերմանում ենք սերը` գրքի ու ընթերցանության նկատմամբ։
Շնորհավորում եմ իմ կոլեգաներին, բոլորին մաղթում
եմ,
որ այս քաոսային իրականության մեջ անպայման ընթերցանության համար
գտնեն
ժամանակ: Այն ոչ միայն համալրում է գիտելիքները, այլ նաև վեհացնում հոգին ու սիրտը։
- Տիկին Մարկոսյան, ե՞րբ և ինչպե՞ս է ձևավորվել Ձեր սերը գրքի նկատմամբ:
- Գրքի նկատմամբ սերը ձևավորվել է դեռևս մանկուց։ Տատիկս գրադարանի վարիչ էր, իսկ ես` նրա անբաժան ուղեկցողը։ Հաճույքով քայլում էի գրադարակների արանքով և գրադարանն ինձ թվում էր կախարդանքով ու հրաշքներով լի աշխարհ։
Հիշում եմ՝ ամառային արձակուրդներին տան գրքերով գրադարան էի բացում և բակի երեխաների համար հատուկ քարտեր էի պատրաստում, որպեսզի պատասխանատու գտնվեն և անպայման վերադարձնեն գրքերը։ Այո՛, գիրքը իմ տարերքն է: Արդեն 25 տարի է ինչ աշխատում եմ ԵՄԱՊՔ-ի գրադարանում և որքան էլ հոգնած ու հոգսաշատ լինեմ, երբ բացում եմ գրադարանի դուռը՝ ներսս բուժվում է, անբացատրելի ուժ է հաղորդում։
- Հետաքրքիր է, ինչպե՞ս է համալրվում քոլեջի գրադարանային ֆոնդը և որքա՞ն է կազմում նրա «հարստությունը»։
- Գրադարանը համալրվում է անհատ բարերարների, հասարակական կազմակերպությունների, քոլեջի աշխատակիցների և ուսանողների ջանքերով։ Այս պահին ունենք շուրջ 5000 միավոր գիրք։ Գրադարանը համալրված է ինչպես մասնագիտական, այնպես էլ` գեղարվեստական բազմալեզու գրականությամբ։
- Այսօրվա սերունդը որքանո՞վ է հետաքրքրված ընթերցանությամբ և հիմնականում ի՞նչ գրականություն են նախընտրում։
- Մեր ուսանողների օրինակով պետք է ասեմ, որ բավականին մեծ թիվ են կազմում ընթերցասեր ուսանողները, որոնք առավելապես հետաքրքրված են ժամանակակից բեսթսելլերներով ու դասական գրականությամբ։ Տարիքային առանձնահատկությամբ պայմանավորված՝ հիմնականում պատվիրում են սիրավեպեր, հոգեբանական գրքեր, դրամաներ և այլն։
- Ինչպե՞ս
է հաջողվում ձևավորել գրադարան-ընթերցող կապը։
- Ընթերցանության ձևավորման լավագույն միջոցը օրինակն է. իմ սեղանից անպակաս են գրքերը։ Յուրաքանչյուր գիրք տրամադրելուց առաջ պարտադիր զրուցում եմ ուսանողի հետ, ծանոթանում նրա աշխարհայացքին ու նախասիրություններին, ըստ այդմ էլ` առաջարկում։ Այդ զրույցների արդյունքում է, որ անգամ ուղեկցող ուսանողները դառնում են գրադարանի հավատարիմ ընթերցող։ Գրադարան-֊ընթերցող կապի ձևավորման լավագույն գրավականը վստահությունն է. ընթերցողը պետք է վստահ լինի, որ գրադարանավարն իր գործի գիտակն է և ոչ թե պատահական նշանակված մարդ։ Օրերս ուսանողներից մեկը զարմացած հարցրեց` ընկեր Մարկոսյան Դուք այս բոլոր գրքերը կարդացե՞լ եք…
Զրուցեց Սոնա Վանյանը