ԵՄԱՊՔ-ում ուսումնական տարին մեկնարկեց երաժշտական
Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջում նոր ուսումնական տարին մեկնարկեց երաժշտական, աղոթքով ու հիշատակությամբ։
Մինչ միջոցառման մեկնարկը, շրջանավարտների
օրհնության խոսքով հանդես եկավ Հայ Կաթողիկե Եկեղեցու Սրբոց հրեշտակապետաց միացյալ
հոգևոր ճեմարանի ղեկավար Հայր Մաշտոց Վարդապետ Զահդերէանը։ Իսկ Տերունական աղոթքը,
Հայր Սուրբի հետ, դահլիճը միասնական հնչեցրեց՝ առ Աստված։
Ապա, դահլիճը հոտնկայիս, մեկ րոպե
լռությամբ, հարգեց Արցախյան 3-րդ՝ 44-օրյա պատերազմում քաջարի զոհված քոլեջի ուսանողների
հիշատակը։
Քանի որ այս տարի լրանում է հայ
մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակը, այդ առթիվ, քոլեջի ուսանողները հանդես
եկան Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների կատարմամբ։ Քոլեջի դահլիճում թևածել էր
բաբաջանյանական շունչը։
Ի դեպ, ուսանողների տոնին անակնկալ
կերպով, քոլեջի ուսանող Հարություն Մարգարյանի հետ, զուգերգով ելույթ ունեցավ Բաբաջանյանի
ստեղծագործությունների անզուգական կատարող, ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՄԱՊՔ դասախոս Գայանե Հովհաննիսյանը։
Հավելենք, որ Բաբաջանյան-100 տոնակատարության շրջանակում, քոլեջը համերգային ծրագրով շրջագայություններ է նախատեսել Հայաստանի մարզերով։
Ողջ միջոցառման ընթացքում նվագակցում էին քոլեջի Գործիքային կատարողական արվեստ մասնագիտության ուսանողները, երաժիշտ, ԵՄԱՊՔ դասախոս Խաչիկ Սահակյանի ղեկավարությամբ։ Իսկ ցերեկույթը վարում էր ԵՄԱՊՔ շրջանավարտ Լևոն Բադալյանը, ով ուսումը շարունակում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։
Միջոցառման ավարտին, ԵՄԱՊՔ տնօրեն,
երգիչ Վրեժ Կիրակոսյանը ևս հանդես եկավ
«Ազգ իմ փառապանծ» երգի էքսպրոմտ կատարմամբ։ Մինչ կատարումը, Վ․ Կիրակոսյանը ողջունելով
ուսանողներին ասաց․ «Բարով եք եկել Երևանի
մշակույթի և արվեստի պետական քոլեջ, մի դարբնոց, որտեղ ֆիլտրվում են մեր ազգի ապագայի
ամենալավագույնները՝ մշակույթում և արվեստում։ Այսօր քոլեջն ունի մոտ 700 ուսանող և
167 աշխատակից, որոնք բոլորն արվեստով են լցված, ինչն ամենահզոր քաղաքականությունն
է։ Երբ աշխարհի մյուս երկրների ժողովուրդների հետ մրցում ես ու հաղթում արվեստում,
ուրեմն՝ դու հաղթանակած ես բոլոր կետերում։ Մենք մի հզոր ընտանիք ենք՝ մեր երկրում,
մեր արվեստում և յուրաքանչյուրս մեր տեղում
հսկայական գործ ունենք անելու, բոլորիս մաղթում եմ հաջողություն, այնպես որ՝
ի գործ… »,- եզրափակեց ԵՄԱՊՔ տնօրեն Վրեժ
Կիրակոսյանը։