«Համառորեն գնացեք ձեր երազանքի հետևից»,- Ջիվան Ավետիսյանը՝ Ազնավուրականներին
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի
պետական քոլեջի ուսանողները վերջերս քոլեջի դահլիճում դիտեցին կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը։ Իսկ ֆիլմի դիտման ավարտին ուսանողները հնարավորություն
ունեցան ոչ միայն իրենց տպավորություններով կիսվել, այլ նաև հետաքրքրող հարցերի պատասխանները
ստանալ հենց Ջիվան Ավետիսյանից։
«Ես շատ հստակ գիտակցում եմ որտեղ եմ, դրա համար այս հանդիպումն ինձ համար պարտավորեցնող է»,- ուսանողների հետ հանդիպանն ասաց Ջիվան Ավետիսյանն ու շարունակեց․ «Դուք ապագա դերասաններ եք, երաժիշտներ, ռեժիսորներ, թատերագետներ, երեւի թե, ինձ և ձեզ բաժանում է 20 և ավել տարիներ։ Ձեզ նայելով արդեն պատկերացնում եմ, որ այն, ինչ ինձ մոտ չի ստացվել, որպես արվեստագետ, դա դուք պետք է հաջողեք: Եվ այն, ինչ-որ ինձ մոտ կստացվի, որպես արվեստագետ, դա պետք է օժանդակի ձեզ, քաջալերի կամ օգնի, խրախուսի, որպեսզի ավելին անեք»:
Ըստ ռեժիսորի, պետք է մեծ երազանք ունենալ ու գնալ այդ երազանքի հետևից, իսկ ճանապարհին հաստատ կհանդիպեն մարդիկ ովքեր կխանգարեն, սակայն պետք է համառ լինեք այդ երազանքին հասնելու համար։
«Ոչինչ ձեռքի հետ մի արեք, համառորեն գնացեք ձեր երազանքի հետևից: Իմ կյանքում ինչի որ հասել եմ, հասել եմ իմ մեծ երազանքի, համառ երազանքի, երազանքին ձգտելու, ոչ մի անգամ չվարանելու և երբեք երազանքի ճանապարհից չբեկվելու շնորհիվ: Նույնը ձեզ եմ խորհուրդ տալիս՝ անկախ նրանից իմ թիմում կաշխատեք, թե այլ մարդու գնացեք ձեր երազանքի հետեւից: Պետք է լինել խոհեմ, լսող, սովորող, իհարկե, այդ ամենը կարևոր է, բայց ձեզնից բոլորն ունեն երազանք եւ պետք է գնալ այդ երազանքի հետեւից»,- վստահեցրեց կինոռեժիսորն ու ուսանողների հայացքները որսալով հավելեց․ «Կարծում եմ՝ այստեղ են նստած ՀՀ մշակությի հաջորդ նախարարը, ես հավատում եմ դրան, ես հավատում եմ, որ այստեղ է նստած հաջողված ռեժիսոր, մեծագույն դերասանը։ Իսկ եթե ձեռքի հետ ես դերասան, ռեժիսոր, դերձակ, պատշար՝ ոչինչ չի ստացվելու»,- վստահեցրեց Ջիվան Ավետիսյանը:
Իր բոլոր ֆիլմերի ու նրանց հերոսների մասին խոսելով կինոռեժիսորն ասաց, որ հիմա իր ստեղծագործական թիմով աշխատում են «Վերածնվածը» նոր ֆիլմի ստեղծման շուրջ և շուտով կհաջորդեն նկարահանման աշխատանքները։
«Ի՞նչ է պետք Ձեր թիմում աշխատելու համար»,- հետաքրքրեց ուսանողներից մի քանիսին, իսկ կինոռեժիսորի պատասխանը չուշացավ․ «Պատասխանատվություն, հայրենասիրություն, նվիրվածություն։ Գործի հաղթնակին հավատալը կարևոր է, բայց նախ պետք է մեծ երազանք ունենաս։ Եթե կա մեկը, որ չունի մեծ երազանք, մեր թիմում տեղ չունի»։
Հանդիպման ավարտին Ջիվան Ավետիսյանը Ազնավուրականներին խոստացավ, որ շատ շուտով հնարավորություն կընձեռի, որպեսզի ուսանողները դիտեն նաև իր նկարահանած «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասները», «Ընդհատված մանկությունը» ֆիլմերը։
Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Ալյոնա Այվազյանի