ԵՄԱՊՔ-ն կունենա ուսանողական թատրոն
Նոր ուսումնական տարում Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջում հիմնադրվեց Ուսանողական թատրոն: ԵՄԱՊՔ-ում գործող Ուսանողական թատրոնը կունենա սեփական բեմադրված ներկայացումները` առանձին խաղացանկով: Ուսանողական թատրոնում բեմադրվող ներկայացումները թատերախումբը կխաղա ոչ միայն քոլեջում ու հանրապետության մշակութային հաստատություններում` թատրոններում, այլ հյուրախաղերով կմեկնի հանրապետության մարզեր, ինչպես նաև արտերկիր:
Ուսումնական հաստատությունում Ուսանողական թատրոն հիմնելու նախաձեռնությունը պատկանում է քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանին, ով դեռևս իր ընտրության ժամանակ ներկայացրել էր քոլեջի զարգացման ռազմավարական ծրագրում:
Ուսանողական թատրոնի նորանշանակ տնօրենը քոլեջի վաստակաշատ դասախոս, սիրված դերասան, բեմադրող ռեժիսոր, դոցենտ Համլետ Թադևոսյանն է:
Այսօր քոլեջի տնօրեն Վ. Կիրակոսյանը ստեղծվելիք թատոնի տնօրեն Հ. Թադևոսյանին բարի ընթացք մաղթեց և հայտնեց իր պատրաստակամությունը` աջակից լինել նորաստեղծ թատրոնի զարգացման, հանրահռչակման ու վերելքների հասնելու ճանապարհին ծագած ցանկացած խնդրի դեպքում:
Ի դեպ, Ֆրանսիայի հայաշատ Մարսել քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան հայկական վարժարանի տնօրեն Կարեն Խուրշուդյանի անմիջական ներդրած ջանքերի շնորհիվ, Ֆրանսիայի համայնքի կողմից տրվել է ֆինասական աջակցություն` քոլեջի դահլիճը վերանորոգելու նպատակով, որի մեկնարկն արդեն տրված է: Իսկ Ուսանողական թատրոնի բացման մեկնարկը կտրվի արդեն վերանորոգված դահլիճում: