«Նկարիչ-վերականգնող» 4-րդ կուրսի ուսանողները «Անտիկյան» ցուցասրահում բացահայտեցին ժամանակակից հեղինակների
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի
և արվեստի պետական քոլեջի «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում
և պահպանում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները, ուսումնական պրակտիկայի շրջանակում,
կարիերայի ուղղորդման պատասխանատու Լիլիթ Եղիազարյանի ուղեկցությամբ, այցելեցին «Անտիկյան»
ցուցասրահ։
Այցի ընթացքում «Անտիկյան» ցուցասրահի հիմնադիր Արմինե Անտիկյանը ուսանողներին ներկայացրեց հայ և արտասահմանյան ժամանակակից ստեղծագործողների արվեստի նմուշները։ Ընդամենը մի քանի քառակուսի մետրում տեղ գտած կոլաժների, գեղանկարների, գծանկարների ու քանդակների շնորհիվ, որոնք ի դեպ հաճախակի փոփարինվում են ստեղծագործողների նոր աշխատանքներով ու նոր անուններով, ուսանողները գրեթե 2 ժամ հնարավորություն ունեցան ծանոթանալու 10-ից ավելի ժամանակակից հայ և օտարազգի ստեղծագործողների գործերին։
Ցուցասրահի աշխատակից նկարիչ-վերականգնող Արևիկ Գրիգորյանը, ով աշխատում է նաև Երևանի Մատենադարանի ռեստավրացիոն բաժնում, իր տարիների փորձով կիսվեց ուսանողների հետ։ Ընթացքում նաև, որպես ժամանակակից հեղինակ, Արևիկը խոսեց իր «Մտացրիվ» հավաքածուից մի քանի աշխատանքների մասին, որոնք ցուցադրված են «Անտիկյան» ցուցասրահում։
Հանդիպման ավարտին արդեն ուսանողներից յուրաքանչյուրն ուներ իր ֆավորիտ հեղինակը և հետաքրքրված էին առաջիկայում տվյալ հեղինակների նոր գործերի ցուցադրությամբ։
Քոլեջի կարիերայի կենտրոնի ուղղորդման պատասխանատու Լիլիթ Եղիազարյանն ու «Անտիկյան» ցուցասրահի տնօրենը, պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկայում քոլեջում վարպետության դաս-հանդիպումների շարք կազմակերպել՝ հայ ժամանակակից անվանի նկարիչների մասնակցությամբ։
Լուսանկարները՝ «Լուսնկարչական գործ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Գոռ Ենոքյանի