«Ձեր ջանքերի շնորհիվ է, որ կայուն է մնում հայ ընտանիքը»․Վրեժ Կիրակոսյանի շնորհավորական ուղերձը՝ Մարտի 8-ի առթիվ
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի
պետական քոլեջի տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանը Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի
առթիվ, իր շնորհավորական ուղերձն է հղել հայ
մայրերին, կանանց և աղջիկներին։
Սիրելի՜ մայրեր, կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, երջանկություն անձնական կյանքում ու հաջողություններ՝ բոլոր նախաձեռնություններում:
Պատահական չէ, որ գարունը սկսվում է այս գեղեցիկ տոնով: Ձեր՝ հոգատար մոր, սիրող կնոջ, հայրենի օջախի անձնուրաց պահապանի ջանքերի շնորհիվ է, որ կայուն է մնում հայ ընտանիքը, հաղթահարվում են ամենօրյա դժվարությունները և իրականություն դառնում բոլորիս երազանքները:
Բայց միայն ընտանեկան կյանքով չէ, որ ապրում է հայ կինը: Ի վերջո, քիչ այլ է Մարտի 8-ի խորհուրդը. անձնականի հետ միասին, կնոջ ակտիվ դերը հանրային կյանքով ապրելու և բարիք ստեղծելուն է միտված:
Այսօր մեր երկրի կրթության մշակույթի կայացման գործին լծված են հազարավոր նվիրյալ կանայք, որոնցից մի մասն աշխատում են Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում։ Նրանք իրենց բարեխղճությամբ, նվիրումով ու ջանքերով ծառայում են ապագա սերնդի դաստիարակությանը և կրթության ոլորտում առաջընթացի ապահովմանը: Եվ առհասարակ, չկա մի ոլորտ, որն իրենց ներկայությամբ չգեղեցկացնեն, առանձին հմայք ու իմաստ չհաղորդեն ու չմղեն առաջ:
Սիրելի՛ մայրեր, կանայք և աղջիկներ, եղե՛ք միշտ ուրախ հմայիչ ու գեղեցիկ, շրջապատված անսպառ ուշադրությամբ ու հոգատարությամբ, և թող բարին ու հաջողությունը լինեն ձեր մշտական ուղեկիցները կյանքում, Արարչի կողմից պարգևած բնության զարթոնքը՝ որպես հովանի ձեզ և ձեր ընտանիքներին:
Սիրով` միշտ Ձեր Վրեժ Կիրակոսյան