«Հագուստի մոդելավորում և նախագծում» 3-րդ կուրսի այցը՝ Ժողովրդական արվեստների թանգարան
Օրերս Երևանի Շառլ Ազնավուրի անվան
մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտության
3-րդ կուրսում սովորող ուսանողները, դասախոս Քրիստինե Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել
էին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական
արվեստների թանգարան։
Թանգարանի գիտաշխատողի ուղեկցությամբ ուսանողները ծանոթացան հայ վարպետների բազմազան և բարդ, շքեղ և գունագեղ աշխատանքներին։ Մասնավորապես՝ մետաղի և փայտի գեղարվեստական մշակման, ասեղնագործության և ժանյակագործության, կավագործության և մանրանկարչության, գորգագործության և կարպետագործության նմուշներին։
Հագուստի ապագա մոդելավորողների համար հատկապես հետաքրքրական էր հենց թանգարանում ներկայացված 20-րդ դարասկզբի տարազները, որոնք կրել են տվյալ ժամանակաշրջանի կանայք և տղամարդիկ։
Ի դեպ, առաջիկայում Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի միջև նախատեսվում է համագործակցություն, որի մանրամասները կներկայացվեն շուտով։