«Ձեզանից յուրաքանչյուրը մեր պոտենցիալ ուսանողը կարող է լինել»․ Համլետ Թադևոսյանը՝ աբովյանագիտական մարզային օլիմպիադայի մասնակիցներին
Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային
օրը, Խաչատուր Աբովյանի տուն- թանգարանում տեղի ունեցավ «ՄԵԾ ԼՈՒՍԱՎՈՐԻՉԸ» աբովյանագիտական մարզային օլիմպիադայի
եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին նախորդ փուլերը հաղթահարած ութ դպրոց: Ընթացակարգի
համաձայն՝ թիմերը ներկայացրին բեմականացումներ՝ Աբովյանի ստեղծագործություններից: Աշխատանքները
հետաքրքիր և բովանդակային էին՝ համապատասխան բեմական հարդարանքներով և կերպարային հագուստներով:
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի Ուսանողական թատրոնի ղեկավար Համլետ Թադևոսյանը, ով ժյուրիի կազմում էր, իր ելույթում առանձնահատուկ գոհունակությամբ խոսելով մասնակիցների մասին, ասաց․ «Թեպետ կային բավականին հաջողված աշխատանքներ՝ և՛ բեմադրության, և՛ բեմադրական ձևավորորման առումով, բայց և այնպես, կային թույլ և քիչ աշխատած գործեր՝ յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում։ Շնորհակալություն եմ հայտնում ուսուցիչներին՝ աշակերտների հետ բավականին լուրջ աշխատանք իրականացնելու համար»,- շեշտեց Թադևոսյանն ու մասնակիցներին հրավիրեց կրթությունը շարունակելու Ազնավուր քոլեջում․ «Մեր քոլեջ ընդունվելու համար հիմնականում դիմում են 9-ամյա կրթությունն ավարտելուց հետո։ Իսկ պրոֆեսիոնալ մասնագետներից կազմված հանձնաժողովն ընտրում է լավագույններին, որոնք ժամանակի ընթացքում ընդգրկվում են մեր ուսանողական թատրոնի ներկայացումներում և իրենց մասնագիտական պրակտիկան անցկացնում են հանրապետության տարբեր մշակութային հաստատություններում։ Այս ընթացքում համոզվեցի, որ ձեզանից յուրաքանչյուրը մեր պոտենցիալ ուսանողը կարող է լինել, այնպես որ, համեցե՛ք մեր քոլեջ՝ շարունակական կրթություն ստանալու և մասնագիտանալու համար»,- խորհուրդ տվեց Հ․Թադևոսյանը։