«Խաղում ենք համերաշխ ընտանիք»․ նոր ներկայացում՝ քոլեջի «Ուսանողական թատրոնում»․ (տեսանյութ)
«Խաղում ենք համերաշխ ընտանիք»․ ֆրանսիական նշանավոր դրամատուրգ
և վոդևիլների արքա` Մարկ Կոմոլետտիի վերոնշյալ կատակերգությունը համալրեց Երևանի Շառլ
Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Ուսանողական թատրոն»-ի խաղացանկը։
Քոլեջի դասախոս, ռեժիսոր Ասյա Սեյրանյանի բեմադրությամբ ներկայացման առաջնախաղը տեղի
ունեցավ «Մետրո» թատրոնի դահլիճում։ Իսկ պիեսի ինտրիգային կերպարներին մարմնավորել
էին քոլեջի «Ռեժիսուրա» և «Դերասանական արվեստ» մասնագիտության ուսանողները։
Երկու գործողությամբ իրավիճակների կատակերգությունը համեմված էր ֆրանսիական նշանավոր շանսոնյեներ` Շառլ Ազնավուրի և Էդիթ Պիաֆի դյութիչ հնչյուններով։ Հանդիսատեսին գրավեցին «հավատարիմ» ամուսիններ Բեռնարդը և Ժակլինը, նրանց երկչոտ ընկեր Ռոբերտը, ճակատագրական կին Սյուզաննան, խոհարարուհի Սյուզետան և նրա ամուսին՝ շեֆ խոհարար Ջորջը։
«Այս պիեսն ունի խորքային հանգույցներ, որոնք պետք է փնտրել և բացատրել»,- ասում է ներկայացման բեմադրիչ Ասյա Սեյրանյանը և հավելում․ «Թատրոնը, թույլ է տալիս լուրջ խնդիրները դիտարկել կատակերգական ձևով, դրանով իսկ բացահայտելով արատավոր կողմերը։ Ներկայացման մեսիջն ուղղված էր դավաճանության, սիրո, ստի, մեր ունեցածը չգնահատելու սովորության, շահամոլության և անտարբերության խնդիրներին։ Պիեսի առանցքային կետն է ամուր պահել և ամրապնդել ընտանիքի հիմքերը. չէ որ ընտանիքն է պետության ողնաշարը»։
«Խաղում ենք համերաշխ ընտանիք» կատակերգությունը մերօրյա մարդու, նրա հոգսերի ու հույզերի մասին է: Պիեսը, մինչև վերջին վայրկյանը, հանդիսատեսին պահում է հաճելի լարվածության մեջ։ Իրադարձությունները ծավալվում են այնպես, որ թվում է` սա վերջն է, ուր որ է կբացահայտվի ամեն ինչ, բայց յուրաքանչյուր կերպար` իր անձնական շահն է առաջ տանում, թեկուզ և դիմացինը հայտնվում է անհարմար իրավիճակում։ 20 տարին դեռ չբոլորած դերակատարները, բեմադրական պայմանականության միջոցով, ցույց են տալիս մեր կյանքի փոքրիկ մոդելը` արատավոր ու դրական կողմերով։
««Ես Ռոբերտ Դյուբուան եմ, ապրում եմ միայնակ` 2 կատվիս հետ, Փարիզից եմ, 35 տարեկան». այսպես կասեր իմ կերպար Ռոբերտը, բայց, քանի որ ես Միքայելն եմ, կասեմ`20 տարեկան եմ, ապրում եմ ընտանիքիս հետ, Երևանից եմ»,- իր կերպարն այսպես ներկայացրեց Ժակլինի սիրեկանին` Ռոբերտին մարմնավորած Միքայել Բաղդասարյանը:
Ըստ Միքայելի, ներկայացման ռեժիսոր Ասյա Սեյրանյանը, շատ մեծ ներդրում է ունեցել, Միքայելի «Ռոբերտ դառնալու» գործընթացին․ «Հենց այդ պատճառով էլ Ռոբերտի կերպարը դարձել է ինձ համար ապրելակերպ, բայց ոչ ամեն առումով։ Ռոբերտն ունի բնավորության գծեր, որոնք Միքայելը չի ընդունում` ստելը, նենգությունը, կնամոլ լինելը...»,- թվարկեց դերասանն ու փոքրիկ դադարից հետո շարունակեց․ «Ռոբերտի կերպարը սովորեցնում է, որ եթե ունես ընտրած ուղի, որքան էլ դա սխալ լինի, պետք է գնաս այդ ճանապարհով»։
Ներկայացման յուրաքանչյուր դրվագում հանդիսատեսը կգտնի իր հարցերի ու հույզերի պատասխանը և առաջնահերթ կհասկանա` ինչն է պակասում ի՛ր կյանքում, և կմտորի դրա շուրջ…
Ներկայացումից հատվածներ կարող եք դիտել տեսանյութում․