Ֆրանսահայ արտիստ Նունե Ղարիբյանի վարպետության դասը՝ Ազնավուր քոլեջի ուսանողների համար
«Տեքստի ճիշտ արտաբերումը դերասանի հաջողության գրավականներից
մեկն է, որին պետք է տիրապետի յուրաքանչյուր արտիստ»,- Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի
դահլիճում, տեղի ունեցած վարպետության դասի ընթացքում ասաց ֆրանսահայ արտիստ Նունե
Ղարիբյանը։
«Ազնավուր» հիմնադրամի նախաձեռնությամբ, ֆրանսահայ արտիստը քոլեջի «Դերասանական արվեստ» և «Ռեժիսուրա» մասնագիտությունն ուսումնասիրող շուրջ 40 ուսանողի հետ աշխատեց բանավոր տեքստերի շուրջ։ Կիրառական դասի ընթացքում ուսանողները շուրջ մեկ ու կես ժամ ներկայացրին մենախոսություներ և դիալոգներ, իսկ Նունե Ղարիբյանը, ուշի ուշով հետևելով նրանց խաղին ու տեքստերի արտաբերմանը, կիսվեց հարուստ փորձով՝ ապագա արտիստներին խորհուրդ տվեց այն կատարելագործելու համար կենտրոնանալ առոգանությանն ու ձայներանգի միջոցով հուզականության շեշտադրմանը։
Ֆրանսահայ արտիստ Նունե Ղարիբյանն ավարտել է Ռուսաստանի Թատերական արվեստի պետական ինստիտուտը (ГИТИС)՝ դրամատուրգի և թատերական քննադատի մասնագիտացմամբ։ Կարիերայի սկզբում հանդես է եկել որպես դերասանուհի և երգչուհի՝ աշխատելով Մոսկվայում։ Փարիզ տեղափոխվելով՝ շարունակել է թատերական արվեստի ոլորտում իր գործունեությունը՝ դասավանդելով երկխոսությունների մշակման-ներկայացման հմտություններ։ Այդուհետ կատարողական արվեստի դասընթաց է անցել Փարիզի դրամատիկական արվեստի կոնսերվատորիայում։ Այժմ, նշված գործունեությանը զուգահեռ, նա նաև հանդես է գալիս որպես բեմադրող ռեժիսորի օգնական օպերային ներկայացումների բեմադրման ժամանակ։
Վարպետության դաս-հանդիպման մանրամասները դիտե՛ք տեսանյութում։
Լուսանկարները՝ «Լուսանկարչություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ Էլեն Աբրամովայի և Մարգարիտա Աթոյանի։
Տեսանյութը՝ «Լուսանկարչություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Կարապետ Խաչատրյանի