Ազնավուր քոլեջի ուսանողը դարձել է Սայաթ Նովա աշուղական երգի մրցույթի հաղթող
Օրերս ՀՀ Կոտայքի մարզպետարանի
նախաձեռնությամբ, Բյուրեղավանի մշակույթի տանը տեղի է ունեցել Սայաթ Նովայի 300-ամյակին
նվիրված աշուղական երգի մրցույթ-փառատոնը։ Մարզի համայնքների 15-18 տարեկան շուրջ
30 պատանի կատարողներ ժյուրիին և հանդիսականին ներկայացել են Սայաթ Նովայի ստեղծագործություններով։
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Երգեցողություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող (դասախոս՝ Սամսոն Պանյան), Չարենցավան համայնքը ներկայացնող 16-ամյա Արմեն Դեմիրճյանն արժանացել է մրցույթի գլխավոր մրցանակի՝ Գրան Պրիի։ Ինչպես նաև պարգևատրվել է մարզպետի պատվոգրով և մրցանակներով:
Մրցույթի առաջին փուլում Արմենը կատարել է Սայաթ Նովայի «Չիս ասում», իսկ երկրորդ փուլում՝ Ալեքսեյ Հեքիմյանի «Բարի արագիլ» ստեղծագործությունները՝ քոլեջի դասախոս Գերասիմ Պետրոսյանի նվագակցությամբ։
Արմեն Դեմիրճյանը դարձել է մրցույթի բացարձակ հաղթող, քանի որ, ժյուրիի կազմում հանդես եկող Ազնավուր քոլեջի դասախոս, ժողովրդական երգիչ Սամսոն Պանյանը, մրցույթի կանոնների համաձայն, իր ուսանողին գնահատելու իրավունք չի ունեցել։
Լսումների փուլից հետո մասնակիցներին ողջունել և աշուղական երգի կարևորությունն է ընդգծել փառատոնի պատվավոր հյուր, ՀՀ ժողովրդական արտիստ, «Սայաթ Նովա» մշակութային միության ղեկավար, բանասիրական գիտությունների դոկտոր, բանահավաք-մանկավարժ հյուր Թովմաս Պողոսյանը:
Փառատոնի ժյուրիի կազմը նախագահել է հայ ժողովրդական և աշուղական երգերի անզուգական կատարող, վարպետ-երգուսույց, «Սայաթ Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի քամանչահար Մխիթար Քեթցյանը, իսկ ժյուրիի կազմում են եղել Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի դասախոս, ժողովրդական երգիչ Սամսոն Պանյանը, ժողովրդական երգիչներ՝ Եվա Եգանյանը, Նարեկ Պողոսյանը, Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի վոկալիստ Արմինե Կիրակոսյանը: