Հոտընկայս բրավոներ ու հուզված հանդիսատես․․․ կայացավ «Ուսանողական թատրոնի» «Հայը» ներկայացման առաջնախաղը
Հոտընկայս բրավոներ, անդադար ծափեր,
հուզմունքից խոնավացած աչքերը միմյանցից թաքցնող հանդիսատես․․․ Երևանի «Մետրո» թատրոնի
լեցուն դահլիճում կայացավ Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական
քոլեջի «Ուսանողական թատրոնի» «Հայը՝ Քրիստոնեությունից մինչև մեր օրերը» ներկայացման
առաջնախաղը։
Վիլյամ Սարոյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Սիամանթոյի, Սոնա Վանյանի ստեղծագործությունների հիման վրա, քոլեջի «Դերասանական արվեստ» մասնագիտության ուսանողների խաղով ու «Պարարվեստ» մասնագիտության ուսանողների պարային պլաստիկ համարներով համեմված ներկայացման միջոցով՝ բեմադրիչ Ասյա Սեյրանյանը ներկայացրել է մաքառող, արարող, իր կրոնի, լեզվի, մշակույթի, ամեն մի թիզ հողի համար, մինչև վերջին շունչը պայքարող հային։ Իսկ հայի դարավոր «կենսագրության» մեջ այլևս անբաժան էջ են զբաղեցնում նաև «Ազնավուր» քոլեջի մերօրյա 6 հերոսները՝ Արմեն Հովհաննիսյանը, Գոռ Յարալյանը, Էլվիս Իսրայելյանը, Արեն Հովհաննիսյանը, Գոռ Սարգսյանը, Վարդան Կևորկովը, որոնք պատերազմի դաշտում ընկան հերոսի մահով՝ իրենց կյանքը նվիրաբերելով հայրենիքին։
«Բեմադրության վրա աշխատած ողջ կոլեկտիվի համար պատիվ է, որ հնարավորություն ունենք զինվորների, մերօրյա հերոսների մասին մի փոքր մտածելու, խոսելու և բեմահարթակից ի լուր աշխարհի ասելու, որ «Մենք հավերժ ենք մեր լեռների պես, դուք հողմերի պես կկորչեք վայրագ»,- ներկայացման ավարտից հետո բեմահարթակից հուզված ասաց քոլեջի դասախոս, ներկայացման բեմադրիչ Ասյա Սեյրանյանը՝ շնորհակալություն հայտնելով քոլեջի ողջ անձնակազմին՝ տնօրեն Վրեժ Կիրակոսյանի գլխավորությամբ։
«Ներողություն եմ խնդրում բոլորից՝ մեր ներկայացումով ևս մեկ անգամ ցավեցնելու և վերապրելու առիթը տալու համար…»,- բեմահարթակից հանդիսականին ասաց ներկայացման մտահղացման հեղինակ, քոլեջի դասախոս Քրիստինե Սավթալյանը, ապա հավելեց․ «Առհասարակ, մարդ արարածն ինձ համար ոչ միայն պետք է սեփական կյանքի և գոյության պայքար մղի և դիմակայի, այլ նաև ապրեցնելու կարողությամբ օժշտված լինի»,-ասաց Սավթալյանն ու շրջվելով դեպի ներկայացման հերոսներին կերտած ուսանողներին՝ շարունակեց․ «Նրանք ինձ համար բոլորն ապրեցնողներ են»,- շեշտեղ Սավթալյանը՝ շնորհակալություն հայտնելով քոլեջի «Պարարվեստ» մասնագիտության պարուսույց Նելլի Աբովյանին՝ իր մտահղացումը պարային համարների միջոցով կյանքի կոչելու համար։
Ներկայացման մտահղացման հեղինակի առաջարկով «Հայը» ներկայացումից ստացված ողջ հասույթը տրվելու է մանկատներից մեկին:
««Հայը» ներկայացումը, կարծես, նվիրված է հենց այն մեծ ողբերգությանը, որը տեղի ունեցավ օրեր առաջ, ինչի հետևանքով զոհվեցին 15 զինծառայող: Հավերժ փառք իրենց, անմեղ զոհեր, որոնք ունեցանք, իսկապես՝ առանց պատերազմի…»,- անդրադառնալով ներկայացման բովանդակությանն ասաց քոլեջի «Ուսանողական թատրոնի» ղեկավար Համլետ Թադևոսյանը, ապա՝ խիստ տոնով պարտադրեց․ «Բայց մենք ունենք իրավունք հառնելու, ապրելու, և այս ներկայացումը հենց այդ մասին էր: Ուրախ եմ, որ մեր «Ուսանողական թատրոն»-ում տեղի ունեցավ ևս մեկ պրեմիերա, որը ապրեցնելու և ապրելու, մեկս մեկին նեցուկ կանգնելու մասին էր: Առանց մեկս մյուսի՝ մենք չենք կարող»,- ասաց Թադևոսյանն ու հռետորական հարց հնչեցրեց․ «Ե՞րբ պետք է խելքի գանք, միաձուլվե՛նք, դառնանք մի բռունցք՝ չարի դեմ, ոխի դեմ»։
Ի դեպ, հատկանշական է, որ ներկայացման առաջնախաղը համընկել էր քոլեջի անմահացած հերոս Արմեն Հովհաննիսյանի տարելիցի օրվան։
«Ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ մեզ և նաև մեր հայրենիքի համար շատ առանձնահատուկ օր: Ոչ միայն վերջին ողբերգության իրավիճակից ելնելով եմ ասում, այլ այն, որ 2014 թվականին, երբ թշնամին փորձեց ճեղքել մեր սահմանն Արցախում, մեր ուսանողը՝ Արմեն Հովհաննիսյանը, հենց այս օրը զոհվեց՝ պաշտպանելով իր ընկերներին: Այսօր նրա անմահության 9-րդ տարելիցն է…»,- առաջնախաղի ավարտից հետո, բեմահարթակից ասաց Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը։ Ապա՝ հուզմունքը մի կերպ հաղթահարելով շարունակեց․ «Գիտեք, վերջերս ինձ հետ շատ հետաքրքիր բան է տեղի ունենում, ես սովորաբար խնդիր չեմ ունենում խոսելու, բայց վերջերս պապանձվում եմ: Պապանձվում եմ, որովհետև ներսումս փշրվում եմ, հետո ինչպես այս ներկայացումն էր նորից հառնում եմ», - անկեղծացավ քոլեջի տնօրենը:
Կիրակոսյանի դիտարկմամբ շատ դժվար ժամանակներ ենք ապրում ու դատապարտված ենք ապրելու՝ մշտապես զենքը մեր բարձի տակ․ «Սա է մեր ճակատագիրը՝ եթե հայ ես, ապա դատապարտված ես ու պատիվ ունես այսպես ապրելու: Մեզ պատուհասած չարիքին պետք է դիմակայել և առաջ շարժվել, որպեսզի մեր ազգը, մեր ժողովուրդը, մեր գենը, մեր ինքնությունն ապրի: Բայց դրա համար յուրաքանչյուրս մեր տեղում շատ կարևոր առաքելություն ունենք՝ երիտասարդներին սովորեցնելու, որ մշտապես պետք է պինդ լինենք և անկախ բազում արհավիրքներից, այն աշխարհաքաղաքական վիճակից, որում այսօր գտնվում ենք, պետք է կարողանանք պահել առաջին հերթին մեր մշակույթը՝ այն մեր կրոնն է, մեր լեզուն է և մեր ինքնությունը: Սա շատ կարևոր առաքելություն է, որի հիմքը կորցնելը նշանակում է կկորցնենք մեր ինքնությունը, ինչի իրավունքը չունենք: Ուստի՝ յուրաքանչյուրս մեր տեղում, որպես առաջնագծում կանգնածներ, պարտավոր ենք արարելու՝ անկախ հասած արհավիրքից», - ասաց Կիրակոսյանը և իր ելույթն ավարտեց կարևոր առաջարկ-խնդրանով․ «Մաղթում եմ, որ խաղաղություն լինի աշխարհին և այս սատանայական էներգիան, որը պտտվում է ամբողջ աշխարհի, գլոբուսի շուրջ, շատ արագ փոշիանա՝ հույսով, Աստծով: Թող խաղաղություն, հույս լինի յուրաքանչյուրիս տներում և եթե մենք մեր գործին, մեր կյանքին, մեր ընտանիքին, մեր հայրենիքին նվիրվենք, սիրենք ինչպես Աստվածաշնչում է ասվում, մանանեխի հատիկի չափ, հավատ ունենանք, կհաղթենք յուրաքանչյուր արհավիրքի: Սիրեք և հավատացեք գոնե մանանեխի հատիկի չափ», - եզրափակելով խոսքը՝ հորդորեց Կիրակոսյանը:
Լուսանկարներն ամբողջությամբ դիտե՛ք այստեղ
Լուսանկարները՝ Էլեն Աբրամովայի և Մարգարիտա Աթոյանի
քոլեջի «Լուսանկարչական գործ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ