«Ազնավուր» քոլեջի սաները ելույթ ունեցան Տավուշի մարզում ՀՀ Դրոշի բարձրացման արարողությանը
Հայոց բանակի օրվան ընդառաջ, հունվարի
27-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Սորաններ» դենտրոպարկում տեղի ունեցավ Դրոշի բարձրացման
հանդիսավոր արարողություն։
Այն նախաձեռնել էր ՀՀ ՇՄՆ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը, իսկ միջոցառման գեղարվեստական մասը վստահված էր Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջին։ Մինչ վեր կխոյանար ՀՀ Դրոշը, Բերդ քաղաքի ամենաբարձր հատվածից հնչում էր «Ազնավուր» քոլեջի սաների ռազմահայրենասիրական երգերի կատարումները։
Ցուրտ եղանակն անտեսելով, քոլեջի ուսանող Գարիկ Սիմոնյանը հանդես եկավ «Գինի լից», Աշոտ Պետրոսյանը՝«13 արծիվներ», Արմեն Դեմիրճյանը՝ «Գետաշեն», Վահագն Կարապետյանը՝ «Եռագույն» երգերի կենդանի կատարումներով։ Միջոցառման ընթացքում «Հայ ֆիդայիններ» հայտնի երգի կատարմամբ հանդես եկավ նաև «Ազնավուր» քոլեջի դասախոս, երգիչ Սամսոն Պանյանը։ Ողջ միջոցառման կարևոր ու ոչ պակաս պատասխանատու գործը վստահված էր քոլեջի «Դերասանական արվեստ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Արմեն Փանոսյանին, ով պատվով վարեց ողջ միջոցառումը։
«Ես պատիվ ունեմ այսօր ներկայացնելու հայոց բանակը, որի խորհրդանշական օրվա
առիթով էլ այսօր այստեղ ենք։ Չնայած մեր երկրի վերջին շրջանի պարտություններին, ողբերգական
դեպքերին՝ մեծ հպարտությամբ ենք բարձրացնելու այս դրոշը, որովհետև դեռևս սահմանին կանգնած
են մեր զինվորները և անկախ բոլոր դժվարություններից իրենք իրենց խնդիրն են իրականացնում»,
- Տերունական աղոթքին հաջորդած ոգեկոչման իր խոսքում ասաց Բերդի գնդի գնդերեց Հովհաննես
սակավագ Ավետիսյանը։
«Հույս ունեմ և նաև հավատում եմ, որ այս նախաձեռնությամբ՝ սրբազան Եռագույնի բարձրացմամբ կավարտվեն մեր երկրի համար դժվար ժամանակները։ Այսուհետև մենք պետք է կարողանանք թևակոխել մի շրջան, որտեղ արարելու, զարգանալու, բարիք ստեղծելու հնարավորություն կունենանք։ Հայոց բանակը մեր սրբության սրբոցն է, հպարտությամբ ենք շնորհավորում նրա տոնը։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ մեր Եռագույնը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛ Հայոց բանակը»,- իր ելույթում նշեց ՀՀ ՇՄՆ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գաբրիելյանը, ով «Սորաններ» դենդրոպարկի տնօրեն Արտակ Չիլինգարյանի օգնությամբ, ՀՀ Օրհներգի և ծափերի ներքո Տավուշի մարզի Բերդ քաղաքի ամենաբարձ վայրից վեր բարձրացրին ՀՀ եռագույնը։
Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ Էլեն Աբրամովայի և Կարապետ Խաչատրյանի։
Տեսանյութը՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության դասախոս Գեղամ Հախվերդյանի։
Մանրամասները դիտեք տեսանյութում․