Ֆրանսիացի դերասան Էրիկ Լըկոնտը վարպետության դաս վարեց «Ազնավուր» քոլեջում (տեսանյութ)
ֆրանսիացի դերասան, դասախոս Էրիկ Լըկոնտը (Eric Leconte), «Ազնավուր» հիմնադրամի նախաձեռնությամբ, վարպետության դաս վարեց Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողների համար։
Հանդիպման ընթացքում ֆրանսիացի դերասանը, քոլեջի «Դերասանական արվեստ», «Ռեժիսուրա», «Էստրադային արվեստ» մասնագիտություններն ուսումնասիրող ուսանողների հետ պրակտիկ-գործնական մեթոդով խոսեց բեմում արտիստի ներկայության մասին, ապա՝ առաջադրանք տվեց ուսանողներին այն վերարտադրել սեփական էտյուդների միջոցով։ Ընթացքում, փորձառու արտիստն ինքն իր օրինակով ցույց տվեց բեմում արտիստի կարևոր և անկարևոր ներկայությունը։
Էրիկ Լըկոնտը ծնվել է 1956թ. օգոստոսի 11-ին Մարսելում։ Նա ավարտել է Էքս-Մարսելի համալսարանը՝ ծովային կենսաբանություն մասնագիտությամբ:
Էրիկ Լըկոնտը շատ բազմազան աշխատանքային փորձառություն է ձեռք բերել, այդ թվում մոտ երկու տարի աշխատելով որպես դասախոս։
Այնուհետև հանդիպել է Ֆիլիպ Կարին («Երևակայական ճամփորդությունների գործակալություն» թատերախմբից) և Պատրիկ Պոնսին («Կարտուն Սարդին Թատրոն»): Այս հանդիպումը ճակատագրական էր և ամբողջությամբ փոխեց նրա կյանքի ընթացքը: Լինելով ինքնուսույց՝ Էրիկ Լըկոնտը պրակտիկ փորձերի և բազմաթիվ հանդիպումների միջոցով վերապատրաստվել է դերասանական արվեստում, իսկ 1987 թվականին ընդունվել է «Սոլեյ» թատրոն։ Նա հեռացել է թատրոնից 1991 թվականին՝ մասնակցելով «Ինդիադա կամ նրանց երազանքների Հնդկաստանը» պիեսին և Ատրիդներին վերաբերող ստեղծագործություններին: Այնուհետև նա աշխատել է տարբեր ընկերությունների և թատերախմբերի հետ Պրովանս-Ալպեր-Լազուր ափի շրջանում և այլ վայրերում: Վերջերս Էրիկն աշխատել է «Արագիլների թռիչքը» պիեսի վրա, որի հեղինակն ու ռեժիսորն է Սիմոն Աբգարյանը, և «Տիգրան» պիեսի վրա, որի հեղինակն ու ռեժիսորն է Ժալի Բարսիլոնը։ Երկար տարիներ նա դասավանդել է Մարսելի Անտոնին Արտոյի լիցեյում, քոլեջներում և սիրողական թատրոնում։
Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Պետրոսյանի
Հանդիպման մանրամասները՝ տեսանյութում․