Արտադրամասը որպես աշխատաշուկա․ «Ալեքս» տեքստիլի ներկայացուցիչը հանդիպեց քոլեջի ուսանողների հետ
Քոլեջ-գործատու համագործակցության
շրջանակներում, քոլեջի գործընկեր «Ալեքս» տեքստիլ ընկերության
արտադրամասի ղեկավար Ժորա Մովսիսյանը հանդիպեց Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի
ուսանողների հետ։
Հանդիպմանն ընդառաջ Ժ․ Մովսիսյանը նախ շրջեց քոլեջում, լսարաններում հետևեց ուսանողների մասնագիտական գործնական դասապրոցեսներին։ Մասնավորապես «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտության արտադրամաս-լսարանում ծանոթացավ ուսանողների ուսումնական գործընթացին ու պայմաններին, որտեղ ուսանողները գործնական դասապրոցեսներն իրականացնում ու իրենց մոդելավորած հագուստները կարում են «Ազնավուր» հիմնադրամի կողմից տրամադրած կարի մեքենաներով։ Ինչպես նաև Վանուշ Խանամիրյանի անվան պարասրահ-լսարանում ծանոթացավ Խանամիրյանական իրերին, որոնք տեղ են գտել քոլեջում ստեղծված վարպետի փոքրիկ թանգարանում։
Իսկ արդեն քոլեջի դահլիճում «Ալեքս» տեքստիլ ընկերության արտադրամասի ղեկավարը «Հագուստի մոդելավորում և նախագծում», «Հաշվապահական հաշվառում» և «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» մասնագիտություններում սովորող ուսանողներին ներկայացրեց արտադրամասը՝ որպես աշխատաշուկա, տեսանյութերի ու սլայդ ցուցադրության միջոցով ծանոթացրեց ընկերության գործունեությանը, արտադրանքին, դրա ստեղծման գործընթացի նրբություններին։
Հարց-պատասխանի ընթացքում Ժ․ Մովսիսյանը պատասխանելով ուսանողներին հետաքրքրող հարցերին խոսեց նաև «Ալեքս» տեքստիլ ընկերության հաջողած մարկետինգային քաղաքականության, բիզնես-կառավարման գաղտնիքների մասին։