«Դերասանի հիմնական գործիքն իր շնչառությունն է»․ Կորին Ժոբերը՝ «Ազնավուր» քոլեջի ուսանողներին
«Ազնավուր» հիմնադրամի նախաձեռնությամբ, ֆրանսիական թատրոնի դերասանուհի
Կորին Ժոբերը
վարպետության դաս-հանդիպում ունեցավ Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի
և արվեստի պետական քոլեջի ուսանողների հետ:
Քոլեջի «Դերասանական արվեստ», «Ռեժիսուրա» և «Էստրադային արվեստ» մասնագիտություններում սովորող ուսանողների հետ ֆրանսիական թատրոնի ու կինոյի լավագույն ներկայացուցիչներից Կորին Ժոբերը կիսվեց իր բեմական երկարամյա փորձով։
«Դերասանի հիմնական գործիքն իր շնչառությունն է»,- ուսանողներին խորհուրդ տվեց Կորին Ժոբերը և առանձնահատուկ շեշտեց․ «Կարդացե՛ք թատրոնի երկու կարևոր դասականներին՝ Շեքսպիր և Չեխով»։
Ողջ վարպետության դասը ֆրանսիական թատրոնի և կինոյի դերասանուհին նվիրեց կենտրոնացման խաղերին, որոնք ավելի են կոփում ու հմտացնում դերասանին։ Կենտրոնացման խաղերի ընթացքում ուսանողները սովորեցին մեծ ուժով լարել ուշադրությունը, ինչպես նաև կատարեցին տարբեր շնչառական վարժություններ։
Հանդիպման ավարտին նա սիրով պատասխանեց ուսանողների հարցերին, կիսվեց իր աշխատանքային փորձով, հատկապես՝ անգլիացի հռչկավոր ռեժիսոր Փիթեր Բրուքի հետ աշխատելու տարիներին ձեռք բերած հմտություններով։
Վերջում դերասանուհին առանձնահատուկ ընդգծեց, որ վառ տպավորություններով ու լավ հիշողություններով է հեռանում «Ազնավուր» քոլեջից։
Տեքստը՝ «Ռեժիսուրա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Սոֆի Հակոբյանի
Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներ Սոնա Պետրոսյանի և Լիա Լազարյանի