Նորա Արմանին «Ազնավուր» քոլեջից հեռացավ դրական լիցքերով
«Ազնավուր» հիմնադրամի նախաձեռնությամբ,
ֆրանսաբնակ հայ դերասանուհի ՆՈՐԱ ԱՐՄԱՆԻՆ վարպետության դաս վարեց Երևանի Շառլ Ազնավուրի
անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում։
Քոլեջի «Դերասանական արվեստ», «Ռեժիսուրա» և «Էստրադային արվեստ» մասնագիտությունում սովորող ուսանողների հետ վարպետության դասը անվանի դերասանուհին վարեց հարց ու պատասխանի ձևաչափով։ Իսկ թեման՝ անշուշտ զուգորդված էր ֆրանսիական և հայկական թատրոնների առանձնահատկության շեշտադրությամբ։
Հանդիպմանը, դերասանուհին ուսանողների հետ կիսվեց իր մասնագիտական հարուստ փորձով, որոնք տարիների ընթացքում ձեռք է բերել Լոնդոնում, Կալիֆորնիայում, Փարիզում ուսանատարիներին, ինչպես նաև ոլորտի անվանի ռեժիսորների հետ աշխատելու տարիներին։ Այդ թվում աշխատակցելով Իրինա Բրուքի և նրա հոր աշակերտ՝ Յոշի Օիդայի հետ, Արիան Մնուշկինի (Theatre du Soleil) հետ։
«Ազնավուր» քոլեջի ուսանողների հետ հանդիպման ավարտին Նորա Արմանին խոստովանեց, որ շատ դրական լիցքերով է հեռանում քոլեջից։ Իսկ ուսանողներին խորհուրդ տվեց՝ մշտապես հետևեն համաշխարհային թատերական ու կինոինդուստրիայի զարգացումներին։