Մաշա Մնջոյանը «Սլավյանսկի բազար 2023» մրցույթում արժանացավ Գրան Պրի մրցանակի
Հուլիսի 14-16-ը Բելառուսի հանրապետության Վիտեբսկ քաղաքում կայացավ «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթը, որտեղ այս տարի մասնակցում էր 15 երկիր։ Հեղինակավոր այս մրցույթում Հայաստանը ներկայացրեց երգչուհի Մաշա Մնջոյանը, ով մրցութային երկու օրերին իր կատարողականությամբ ու բեմական կեցվածքով փայլեց հեղինակավոր մրցույթի բեմում։
Առաջին մրցութային օրը Մաշան կատարեց Եվգենի Կրիլատովի երաժշտությամբ և Իգոր Վոզնեսենսկիյիի խոսքերով գրված՝ «Խոստացիր ինձ սեր» երգը՝ արժանանալով ժյուրիի 66 միավորին: Իսկ երկրորդ մրցութային օրը, որպես միջազգային հիթ, կատարեց Արետա Ֆրանկլինի «Respect» ստեղծագործությունը՝ արժանանալով 69 միավորի: Արդյունքում, Մաշան մրցութային օրերին վաստակեց 135 միավոր՝ դառնալով հեղինակավոր մրցույթի բացարձակ հաղթողը՝ արժանացավ Գրան Պրի մրցանակի: Հայաստանն առաջին անգամ հաղթող ճանաչվեց «Սլավյանսկի բազար» երիտասարդ կատարողների մրցույթում։
«Սլավյանսկի բազար 2023» մրցույթում 1-ին մրցանակի արժանացավ Բելառուսի ներկայացուցիչը, 2-րդ մրցանակը կիսվեց Ռուսաստանի և Իտալիայի ներկայացուցիչների միջև, իսկ 3-րդ մրցանակը բաժին հասավ Ղազախստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչներին։
Իսկ հուլիսի 12-14-ը տեղի ունեցավ «Սլավյանսկի Բազար 2023» ամենամյա մանկական կատարողների 22-րդ երաժշտական հեղինակավոր մրցույթը, որին մասնակցում էր 18 երկիր՝ Բելառուս, Ղրղզստան, Սերբիա, Կոլումբիա, Էստոնիա, Ավստրալիա, Խորվաթիա, Ռուսաստան, Ղազախստան, Իսրայել, Բուլղարիա, Ուզբեկստան, Մեքսիկա, Ռումինիա, Իտալիա, Մոլդովա, Վրաստան և Հայաստան։
Հեղինակավոր մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացրեց 10-ամյա Անահիտ Գալստյանը, ով մրցութային երկու օրերին դարձել էր ֆավորիտներից մեկը։ Առաջին մրցութային օրը, որպես միջազգային հիթ Անահիտը կատարեց Jade Ewen-ի երգացանկից «Its My Time» ստեղծագործությունը և արժանացավ ժյուրիի առավելագույն միավորներին՝ հավաքելով 70 միավոր։ Իսկ Երկրորդ մրցութային օրը՝ որպես երկրի հիթ ներկայացրեց Սոնա Շահգելդյանի երգացանկից (երգի հեղինակ Մարտին Միրզոյան) «Կորուստ թե գանձ» ստեղծագործությունը և վաստակեց 63 միավոր։
Այսպիսով, Հայաստանի պատվիրակ Անահիտ
Գալստյանը երկու մրցութային օրերին վաստակելով 133 միավոր արժանացավ երկրորդ մրցանակի։
Մեր պատվիրակն այդ հորիզոնականը կիսեց Ռուսաստանի մասնակցի հետ:
«Սլավյանսկի Բազար 2023» ամենամյա մանկական կատարողների 22-րդ երաժշտական հեղինակավոր մրցույթի գլխավոր մրցանակին՝ Գրան Պրիին արժանացավ Ղազախստանի ներկայացուցիչը, իսկ առաջին մրցանակին՝ Բելառուսի։ Մրցույթի 3-րդ մրցանակը բաժին հասավ Ղրղզստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչներին։
Մրցույթում Հայաստանի պատվիրակությանը աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում FLY ONE ARMENIA ավիաընկերությանը։
Հայաստանյան պատվիրակությունը, պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանի ղեկավարությամբ, շուտով կլինեն Հայաստանում և հանդես կգան մամուլի ասուլիսով։