Շառլ Ազնավուր քոլեջը 3 ներկայացումով մասնակցեց Ռուսական թատերական մշակույթի օրերին
Օրերս, Երևանի «Մոսկվայի տանը» կայացավ «Ռուսական թատերական մշակույթի օրեր», որի ընթացքում, երեք օր շարունակ դպրոցների աշակերտները, քոլեջների ու բուհերի ուսանողները, ինչպես նաև անվանի դերասաններ ներկայացրեցին ռուս հեղինակների գործերը՝ իրենց մեկնությամբ։
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Ուսանողական թատրոնը» հանդես եկավ 3 ներկայացումով: Նախ, արդեն քոլեջի շրջանավարտ և ԵԹԿՊԻ դերասանական բաժնի առաջին կուրսի ուսանող Գագիկ Խաչատրյանը «Մոսկվայի տան» բեմից ներկայցրեց Ն.Գոգոլի «Խելագարի հիշատակարանը» մոնոներկայացումը, բեմադրությամբ քոլեջի դասախոս Անահիտ Մազմանյանի:
Ի դեպ, այս ներկայացումով նախորդ տարի քոլեջը մասնակցեց Երևանում կայացած «Արմմոնո Plus» միջազգային թատերական փառատոնին և արժանացավ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից հատուկ մրցանակի: Այնուհետև, Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների «Art Panorama» ամենամյա միջազգային մրցույթում արժանացավ Գրան Պրիի:
«Ռուսական թատերական մշակույթի օրերին» քոլեջի «Դերասանական արվեստ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները ներկայացան Ֆրիդրիխ Շիլլերի «Մարիա Ստյուարտ» և Ագաթա Քրիստիի «Վերջին սեանսը» ներկայացումներով, բեմադրությունը՝ քոլեջի դասախոս Գոհար Հարությունյանի:
Ցուցադրություններից հետո տեղի ունեցավ ներկայացումների քննարկում՝ ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր Ռոբերտ Հակոբյանի, ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Վերոնիկա Սարոյանի և թատերագետ Մարիամ Նավոյանի կողմից։
Արդյունքում, փառատոնի 3-րդ օրը կայացավ մրցանակաբաշխություն, բոլոր մասնակիցները արժանացան մասնակցության վկայականների, իսկ բեմադրիչները՝ շնորհակալագրերի։ Այսպիսով, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Դերասանական արվեստ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներ Էլեն Ավագյանը, Արինա Սաֆարյանը, Արևիկ Թովմասյանը, Մրազ Չոլոյանը, Իրինա Ղազարյանը, Քրիստինա Հովհաննիսյանը և քոլեջի շրջանավարտ Գագիկ Խաչատրյանը մասնակցության համար արժանացան դիպլոմների, ինչպես նաև նվերների։ Իսկ բեմադրող դասախոսներ Անահիտ Մազմանյանը և Գոհար Հարությունյանը՝ շնորհակալագրերի։