Ազնավուր 99. Լեգենդար շանսոնիեի տարեդարձը «Ազնավուր» քոլեջում տոնվեց համերգային ծրագրով
Այսօր, Երևանի Շառլ Ազնավուրի անվան
մշակույթի և արվեստի պետական քոլեջի դահլիճում համերգային ծրագրով տոնվեց բացառիկ ու
լեգենդար երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ
Շառլ Ազնավուրի 99-ամյակը։
Շանսոնիեյի կենսագրական մեջբերումներով համեմված համերգային ծրագրում հնչեցին նրա հանրահայտ գործերից մի
քանիսը՝ քոլեջի «Երգեցողություն» և «Էստրադային արվեստ» մասնագիտության ուսանողների
մատուցմամբ։ Իսկ ողջ ընթացքում նվագակցում էր քոլեջի «Գործիքային արվեստ» մասնագիտության
ուսանողներից կազմված նվագախումբը՝ մաեստրո Խաչիկ Սահակյանի ղեկավարությամբ։
«Այն օրվանից, երբ քոլեջը կրում է Շառլ Ազնավուրի անունը, այն վերելքներ է ապրում: Իսկ այդ հարցում քոլեջին շատ են աջակցում Ազնավուր ընտանիքն ու «Ազնավուր» հիմնադրամը»,- համերգային ծրագրից առաջ իր ելույթում ասաց քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը և մանրամասնեց․ «Այդ աջակցությունը չի սահմանափակվում միայն ֆինանսապես, տեխնիկապես, կրթական ծրագրերի առումով քոլեջի զարգացման գործում ներդրում ունենալով, այլև նրանց նախաձեռնությամբ քոլեջում վարպետության դասեր, սաների հետ հանդիպումներ են անցկացնում մշակույթի գործիչներ, որոնք ճանաչում ունեն աշխարհում: Երբ նման մարդիկ գալիս են Հայաստան, հիմնադրամի շնորհիվ այցելում են նաև քոլեջ»,-երախտագիտությամբ ասաց Վ․ Կիրակոսյանը։
Սակայն, ի նշան երախտագիտության, Շառլ Ազնավուր քոլեջի մշակութային, կրթական և ընթացիկ գործունեությանը մշտապես աջակցելու, և արվեստի ապագա կրողներին կրթության ու դաստիարակման գործում ներդրած ավանդի համար «Ազնավուր հիմնադրամին» տրվեց պատվոգիր և քոլեջի տարբերանշանով կրծքանշան:
«Ազնավուր» հիմնադրամի փոխտնօրեն Կարինե Էվոյանը ստանալով ընծան շնորհակալություն հայտնեց, շեշտելով, որ «Ազնավուր» քոլեջի և «Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցությունը շարունակական է ու առջևում մեծ ծրագրեր ունենք։
Վ․ Կիրակոսյանը վստահեցրեց, որ տարիներ անց Ազնավուր քոլեջը Կոմիտասներ, Ազնավուրներ, Առնո Բաբաջանյաններ ու Արամ Խաչատրյաններ է տալու աշխարհին, քանի որ այս դժվար ժամանակներում մենք լծված ենք երիտասարդներին ինքնաիրացվելու հնարավորություն տալու գործին:
Լեգենդար հայի 99-ամյակի ցերեկույթին ներկա էր նաև «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը և անձամբ բարերար Գագիկ Ծառուկյանը, ում անմիջական ցանկությամբ ու առաջարկով հիմնադրամի կողմից քոլեջին նվիրաբերվեց քոլեջի պատմության մեջ առաջին ռոյալը։
Ըստ Ազնավուր քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանի, քոլեջի պատմության մեջ սա առաջին մեծ նվերն է․ «Այս գեղեցկուհին, որ զարդարում է մեր քոլեջի դահլիճը, դեռ երկար է ծառայելու քոլեջի սերունդներին։ Քոլեջը տարիներ ի վեր այս ռոյալի կարիքը շատ ուներ»,- անկեղծորեն նշեց Կիրակոսյանը։
Իսկ որպես երախտագիտություն Վ․ Կիրակոսյանը, քոլեջի մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում բարեգործական ծրագրով աջակցելու համար, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին քոլեջի անունից շնորհակալագիր և քոլեջի տարբերանշանով կրծքանշան հանձնեց։ Իսկ Գագիկ Ծառուկյանին շնորհեց քոլեջի «Շառլ Ազնավուր» ոսկե հուշամեդալ։
Սակայն, դրանով քոլեջի շնորհակալությունները չավարտվեցին։ Վրեժ Կիրակոսյանը Գագիկ Ծառուկյանին արվեստի քոլեջից դատարկաձեռն չճանապարհեց, «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» մասնագիտության ուսանողներինկարած Աստվածամոր պատկերով մի գեղանկար նվիրեց՝ քոլեջի ուսանողների անունից։
«Շնորհակալություն»,- պարգևը ստանալիս ասաց Ծառուկյանն ու քոլեջի տնօրենի հետ փոխադարձ ձեռքսեղմումից հետո զբաղեցրեցին իրենց տեղերն ու վայելեցին Ազնավուր լեգենդի ստեղծագործությունները՝ քոլեջի ուսանողների մատուցմամբ։ Իսկ Շանսոնիեյի ստեղծագործությունները նորընծա ռոյալի ստեղների հնչյունների շնորհիվ ավելի երգեցիկ էին հնչում։
Շառլ Ազնավուրի 99-ամյակին նվիրված համերգային ծրագիրը վարելու բարդ ու պատասխանատու գործը տրված էր քոլեջի «Դերասանական արվեստ» մասնագիտության ուսանող Սուրեն Ղազարյանին և «Ռեժիսուրա» մասնագիտության ուսանողուհի Սոնա Շահնազարյանին։
Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներ՝ Անուշիկ Ասատրյանի և Ալյոնա Այվազյանի
Շառլ Ազնավուրի 99-ամյակին նվիրված համերգային ծրագրի տեսագրությունը դիտեք ստորև․